1 րոպե ընթերցում
Ի՞նչ է աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը
Ինչպես են իրական աշխատանքային փորձառությունները՝ շրջայցերը, մենթորությունը և գործնական առաջադրանքները, լրացնում կրթական գործընթացը։
Կարդալ լողալու մասին և լողալ՝ տարբեր բաներ են։ Մասնագիտության հետ նույնն է. կարելի է տարիներ սովորել դրա մասին և առաջին աշխատանքային օրը հայտնաբերել, որ պատկերացումդ ուրիշ էր։ Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը այդ բացը փակում է. սովորում ես՝ անելով։
Ինչից է բաղկացած
Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը մեկ գործիք չէ, այլ փորձառությունների շարք, որոնք լրացնում են կրթական գործընթացը.
- Ընկերությունների շրջայցեր — տեսնում ես աշխատավայրը ներսից՝ ինչ դերեր կան, ինչպես է կազմակերպված օրը։
- Մասնագետների հետ հանդիպումներ — լսում ես մարդկանց, որոնք ամեն օր անում են այն, ինչ դու դեռ ընտրում ես։
- Մենթորություն — ոլորտի մասնագետը քեզ ուղեկցում է հարցերից մինչև որոշում։
- Աշխատանքի դիտարկում — մեկ օր հետևում ես մասնագետի իրական աշխատանքին։
- Գործնական առաջադրանքներ — փորձում ես ոլորտի իրական խնդիր լուծել քո ձեռքերով։
- Փորձնակություն — առաջին իրական աշխատանքային փորձը՝ պաշտպանված միջավայրում։
Ինչո՞ւ է սա աշխատում
Ամեն փորձառությունից հետո մի բան փոխվում է. կա՛մ համոզվում ես, որ ուղին քոնն է, կա՛մ հասկանում ես, որ պետք է այլ ուղղություն նայել։ Երկուսն էլ արժեքավոր արդյունք են։ Իսկ կողքից քեզ ուղեկցում են մասնագետներ, որոնց հետադարձ կապը օգնում է ամեն փորձից սովորել։
ԴՈՒ ԷԼ-ի եռափուլ մոտեցման մեջ այս ամենը հավաքված է մեկ ուղու վրա՝ Բացահայտի՛ր, Ներգրավվի՛ր, Փորձարկի՛ր։ Իսկ եթե ուզում ես սկսել, դիմի՛ր ծրագրին։